Հաճախ տրվող հարցեր արևային կայանների մասին
Ի՞նչ ընկերություն է «Արևի Մարդիկ»-ը և ի՞նչ ծառայություններ է առաջարկում։
«Արևի Մարդիկ»-ը 2023 թվականին Շիրակի մարզում հիմնադրված ընկերություն է, որը զբաղվում է արևային կայանների չափագրմամբ, նախագծմամբ, տեղադրմամբ և սպասարկմամբ։ Կայաններ տեղադրում ենք ամբողջ Հայաստանում՝ գրասենյակներ ունենք Գյումրիում, Երևանում և Արմավիրում։ Մեր առաքելությունն է Հայաստանը դարձնել արևային էներգիայով սնուցվող և էկոլոգիապես մաքուր՝ յուրաքանչյուրին տալով հնարավորություն օգտվելու իր բաժին արևից։ Տրամադրում ենք 12 տարվա երաշխիքային սպասարկում և 30 տարվա արտադրողականության երաշխիք։
Որո՞նք են արևային էներգիայի առավելությունները։
Արևային էներգիան վերականգնվող ռեսուրս է. այն նվազեցնում է էլեկտրաէներգիայի ձեր ամսական վճարը, բարձրացնում տան արժեքը և պաշտպանում սակագների հետագա բարձրացումից։ Մարտկոցով, այսինքն՝ հիբրիդային համակարգի դեպքում, կայանը շարունակում է աշխատել նաև հոսանքազրկման ժամանակ։ Բացի այդ, արևային էներգիան նվազեցնում է կախվածությունը հանածո վառելիքից, որը վնասում է շրջակա միջավայրը։
Ինչպե՞ս է աշխատում արևային կայանը։
Արևային վահանակները (խոսակցական լեզվում՝ արևային պանելներ կամ արևային մարտկոցներ) կլանում են արևի լույսը և արտադրում հաստատուն հոսանք։ Ինվերտորն այդ հոսանքը վերածում է փոփոխական հոսանքի, որով սնվում են տան սարքերը։ Արտադրված էներգիան նախ ծածկում է ընթացիկ սպառումը, իսկ ավելցուկը, կախված համակարգի տիպից, լիցքավորում է կուտակիչը կամ փոխանցվում է ցանց։ Համակարգը շարժական մասեր չունի և աշխատում է ինքնաշխատ ռեժիմով։
Արևային կայան և արևային համակարգ՝ նույն բա՞նն են։
Գործնականում նույնն են։ Հայաստանում երկու տերմինն էլ օգտագործվում են նույն բանի համար՝ «արևային համակարգ» ավելի հաճախ վերաբերում է սարքավորումների ամբողջությանը (վահանակներ, ինվերտոր, կուտակիչ, ամրակալման կոնստրուկցիա), իսկ «արևային կայան»՝ արդեն տեղադրված և շահագործման հանձնված օբյեկտին։ Երբ խոսում ենք 5 կՎտ արևային համակարգի կամ 5 կՎտ արևային կայանի մասին, նկատի ունենք նույնը։ Մենք զբաղվում ենք ֆոտովոլտային, այսինքն՝ էլեկտրաէներգիա արտադրող համակարգերի չափագրմամբ, նախագծմամբ, տեղադրմամբ և սպասարկմամբ։
Ի՞նչ տարբերություն կա ցանցային, ինքնավար և հիբրիդային արևային համակարգերի միջև։
Ցանցային համակարգն աշխատում է էլեկտրական ցանցին զուգահեռ և հոսանքազրկման ժամանակ անվտանգության նկատառումներով անջատվում է։ Ինքնավար համակարգը ցանցից կախված չէ և պարտադիր պահանջում է կուտակիչ (մարտկոց)։ Հիբրիդային համակարգը միավորում է երկուսը՝ աշխատում է ցանցի հետ, սակայն կուտակիչի շնորհիվ շարունակում է սնուցել տունը նաև հոսանքազրկման ժամանակ։ Ընտրությունը կախված է ձեր սպառումից, բյուջեից և ձեր տարածքում ցանցի կայունությունից։
Ի՞նչ հնարավորություններ է տալիս ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակը և ինչպե՞ս է հաշվարկվում ցանց փոխանցված ավելցուկը։
Հայաստանում կենցաղային և բիզնես սպառողները կարող են արևային կայան տեղադրել սեփական սպառման համար և ստանալ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ։ Արտադրված էներգիան նախ ծածկում է ձեր սպառումը, իսկ ավելցուկը փոխանցվում է ցանց և հաշվառվում ձեր օգտին. ցանցն այս դեպքում գործում է որպես վիրտուալ կուտակիչ։ Հաշվարկը կատարվում է պարբերաբար՝ սպառված և արտադրված էներգիայի տարբերությամբ։ Հզորության սահմանաչափը և հաշվարկի ընթացիկ կարգը ճշտում ենք չափագրման ժամանակ, քանի որ դրանք սահմանվում են կարգավորող մարմնի որոշումներով և կարող են փոփոխվել։
Արդյո՞ք անհրաժեշտ է կուտակիչ։
Կուտակիչը պարտադիր չէ։ Առանց կուտակիչի ցանցային կայանը նվազեցնում է ձեր ամսական վճարը, սակայն հոսանքազրկման ժամանակ չի աշխատում։ Կուտակիչն արդարացված է, եթե ձեր տարածքում հոսանքազրկումները հաճախակի են կամ ձեզ անհրաժեշտ է անխափան էլեկտրամատակարարում։ Կուտակիչը զգալիորեն ավելացնում է կայանի արժեքը, ուստի որոշումը կայացնում ենք չափագրումից հետո՝ ձեր իրական սպառման գրաֆիկի հիման վրա։
Ինչի՞ց է կախված արևային կայանի արժեքը։
Արժեքը կախված է կայանի հզորությունից, տանիքի տիպից, թեքությունից և ծածկույթի նյութից, ընտրված վահանակների ու ինվերտորի մոդելներից, կուտակիչի առկայությունից, ամրակալման կոնստրուկցիայից և էլեկտրական աշխատանքների ծավալից։ Հենց դա է պատճառը, որ կայանի ճշգրիտ գինը հնարավոր չէ հայտնել հեռախոսով։ Չափագրումն անվճար է. այցելությունից հետո ձեր օբյեկտի համար ներկայացնում ենք նախագիծ և արժեքի հաշվարկ։
Հնարավո՞ր է արևային կայան ձեռք բերել վարկով։
Այո։ Համագործակցում ենք գործընկեր բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ «ԱԿԲԱ բանկ», «Կոնվերս Բանկ», «Ինեկոբանկ», «Արեգակ» ՈՒՎԿ և «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ։ Ֆինանսավորման պայմանները՝ տոկոսադրույքը, ժամկետը և պահանջվող փաստաթղթերը, սահմանում է ֆինանսավորող կազմակերպությունը։ Տրամադրում ենք կայանի նախագիծն ու արժեքի հաշվարկը, որոնք անհրաժեշտ են դիմելու համար։
Ի՞նչ է ներառում անվճար չափագրումը։
Չափագրման ընթացքում մասնագետը գնահատում է տանիքի կամ տարածքի մակերեսը, թեքությունն ու ուղղվածությունը, ստուգում է ծառերից, հարևան շենքերից և այլ խոչընդոտներից առաջացող ստվերի առկայությունը, զննում է առկա էլեկտրական միացման հանգույցը և ուսումնասիրում ձեր սպառման տվյալները։ Դրանից հետո ներկայացնում ենք առաջարկվող հզորությունը, նախագիծը և արժեքի հաշվարկը։ Չափագրումն ու խորհրդատվությունն անվճար են։
Որքա՞ն տարածք է անհրաժեշտ արևային կայանի համար։
Անհրաժեշտ մակերեսը կախված է ընտրված վահանակների հզորությունից և տանիքի երկրաչափությունից։ Ժամանակակից վահանակների դեպքում 1 կՎտ հզորության համար սովորաբար անհրաժեշտ է 5–7 քառակուսի մետր օգտագործելի մակերես՝ ներառյալ շարքերի միջև հեռավորությունը։ Ճշգրիտ թիվն որոշվում է չափագրման ժամանակ, քանի որ նշանակություն ունեն նաև տանիքի ուղղվածությունը, թեքությունը և ստվերի առկայությունը։
Ինչպե՞ս է աշխատում կայանն ամպամած օրերին, ձմռանը և գիշերը։
Ամպամած օրերին կայանը շարունակում է արտադրել էներգիա ցրված լույսի հաշվին, սակայն ավելի քիչ, քան պարզ եղանակին։ Գիշերը վահանակներն էներգիա չեն արտադրում. այդ ժամերին տունը սնվում է ցանցից կամ կուտակիչից։ Ձմռանը ցերեկը կարճ է, իսկ արևի անկյունը՝ ցածր, ուստի ամսական արտադրությունը նվազում է, իսկ ձյունը կարող է ժամանակավորապես ծածկել վահանակները։ Այդ պատճառով կայանը նախագծվում է տարեկան արտադրության հաշվարկով, ոչ թե մեկ ամսվա։
Ի՞նչ սպասարկում է պահանջում արևային կայանը։
Արևային կայանը շարժական մասեր չունի, ուստի սպասարկումը պարզ է՝ վահանակների պարբերական մաքրում փոշուց, տեսողական զննում և էլեկտրական միացումների ստուգում։ Կայանի աշխատանքին հետևում ենք ժամանակակից հավելվածների միջոցով, ինչը թույլ է տալիս հայտնաբերել արտադրողականության անկումը վաղ փուլում։ Երաշխիքային ժամանակահատվածում (12 տարի) սպասարկման աշխատանքները կատարվում են անվճար։
Քանի՞ տարի է ծառայում արևային վահանակը։
Արևային վահանակի շահագործման ժամկետը սովորաբար 25–30 տարի է։ Տարիների ընթացքում արտադրողականությունն աստիճանաբար նվազում է, բայց վահանակը շարունակում է աշխատել։ Ինվերտորի ծառայության ժամկետը սովորաբար ավելի կարճ է, ուստի կայանի շահագործման ընթացքում ինվերտորը կարող է փոխարինման կարիք ունենալ։ Մենք տրամադրում ենք 30 տարվա արտադրողականության երաշխիք և 12 տարվա երաշխիքային սպասարկում։
Ո՞ր արտադրողների սարքավորումներով եք աշխատում։
Վահանակների մասով աշխատում ենք LONGi, AE Solar, Sunova Solar և ZNShine Solar արտադրողների հետ, իսկ ինվերտորների մասով՝ Deye, Huawei, Fox ESS, SolaX և SOFAR։ Կոնկրետ մոդելն ընտրվում է նախագծման փուլում՝ ելնելով տանիքի հնարավորություններից, ձեր սպառումից և բյուջեից։
Հայաստանի ո՞ր տարածքներում եք տեղադրում արևային կայաններ։
Կայաններ տեղադրում ենք ամբողջ Հայաստանում. գրասենյակներ ունենք Գյումրիում, Երևանում և Արմավիրում։ Անկախ նրանից, թե ձեր օբյեկտը որ մարզում է գտնվում, զանգահարեք +374 98 13 13 11 կամ գրեք [email protected]՝ անվճար չափագրման համար։
Ինչպե՞ս կարող եմ կապվել «Արևի Մարդիկ»-ի հետ։
Զանգահարեք +374 98 13 13 11 կամ գրեք [email protected]։ Գյումրիի գրասենյակը գտնվում է ք. Գյումրի, Տիգրան Մեծ 8 հասցեում։ Գրասենյակներ ունենք նաև Երևանում՝ Արշակունյաց 53Ա, և Արմավիրում՝ Բաղրամյան 13։
Ինչպե՞ս կարող եմ ջնջել իմ հաշիվը։
Հաշիվը ջնջելու համար նամակ ուղարկեք [email protected] հասցեին։ Մեր աշխատակիցները կհաստատեն ձեր դիմումը, և հաշիվը կջնջվի ընդմիշտ։